բանկերի տեսակները


Բանկերը, կենտրոնացնելով հասարակության շրջանակներում եղած ազատ դրամական միջոցները և տարբեր գործառնություններով օգտագործելով դրանք, վերածում են կապիտալի: Բանկերը դասակարգվում են ըստ սեփականության ձևի, ըստ գործունեության ոլորտների, ըստ կանոնադրական կապիտալի պատկանելության և ձևավորման:



Ըստ իրականացվող գործառնությունների բովանդակությանª բանկերը լինում են.
ա). Էմիսիոն բանկերª բանկերի բանկ: Այս բանկերը պետության դրամավարկային քաղաքականության հիմնական օղակն են երկրի ողջ բանկային համակարգի հսկիչ բանկը: Էմիսիոն բանկերը հավաքագրում են ռեզերվային պահանջներ, տրամադրում են վարկեր և, ամենակարևորը, նրան է պատկանում բանկային տոմսերի և թղթադրամի թողարկման մենաշնորհը: Էմիսիոն բանկերի դերը սովորաբար խաղում են Կենտրոնական Բանկերը: Երկրների մեծ մասն ունեն մեկ կենտրոնական բանկ: ԱՄՆ ում դրանք տասներկուսն են, որը հիմնականում պայմանավորված է երկրի աշխարհագրական մասշտաբով, տնտեսական գոտիների բազմազանությամբ և բազմաթիվ կոմերցիոն բանկերի առկայությամբ: Այս 12 բանկերը կոչվում են ֆեդերալ ռեզերվային բանկեր ֆեդերալ ռեզերվային համակարգ, որոնց միջոցով էլ Ղեկավարների Խորհուրդն իրականացնում է հիմնական քաղաքական դիրեկտիվները: Կենտրոնական բանկի առաջացումը պատմականորեն կապված է բանկնոտների էմիսիոն կենտրոնացման հետ մի քանի ավելի վստահելի բանկերի ձեռքում, որոնց բանկնոտները կարող էին հաջողությամբ կատարել վարկային միջոցների ընդհանուր շրջանառության ֆունկցիաները:
Ըստ կապիտալի վրա սեփականության տեսակետից կենտրոնական բանկերը բաժանվում են.
- պետական, որոնց կապիտալը պատկանում է պետությանը
- բաժնետիրական
- խառը բաժնետիրական ընկերություններ, որոնց կապիտալի մի մասը պատկանում է պետությանը:
Կենտրոնական բանկը կատարում է չորս հիմնական ֆունկցիաներ.
- իրականացնում է բանկնոտների մոնոպոլ էմիսիա,
- համարվում է բանկերի բանկը,
- համարվում է կառավարության բանկիրը,
- իրականացնում է դրամավարկային կարգավորում:
 բ) Առևտրային կամ կոմերցիոն բանկեր: Առևտրային բանկերը իրավաբանական անձ հանդիսացող ինքնուրույն տնտեսավարող սուբյեկտներ են, որոնք իրավունք ունեն իրենց անունից ներգրավել և տեղաբաշխել դրամական միջոոցներ, իրականացնել օրենսդրությամբ նախատեսված բանկային այլ գործառնություններ: Նրանք հանդիսանում են երկրի վարկային համակարգի հիմքը և կենտրոնացնում են վարկային պաշարների գլխավոր մասը: Առևտրային բանկերը հիմնականում վարկավորում են արդյունաբերական, առևտրական և այլ ձեռնարկություններին: Հաճախ այս բանկերին անվանում են նաև դեպոզիտային բանկեր, քանի որ վարկավորման ռեսուրսների հիմնական մասը, չհաշված բանկի սեփական կապիտալը, կազմավորվում են դրանց կողմից սպասարկվող հաճախորդների միջոցներիցª դեպոզիտներից: Առևտրային բանկերը կատարում են մի շարք ֆունկցիաներ: Առևտրային բանկերի կարևոր ֆունկցիաներից մեկն է հանդիսանում վարկային միջնորդությունը, որը նրանք իրականացնում են շրջանառության պրոցեսում ժամանակավորապես դուրս մնացած դրամական միջոցների վերաբաշխման միջոցով: Առևտրային բանկերը ներգրավում են այնպիսի միջոցներ, որոնք կարող են տրվելª որպես փոխատվություն: Առևտրային բանկերի երկրորդ կարևորագույն ֆունկցիան խնայողությունների խթանումն է տնտեսության մեջ: Կոմերցիոն բանկերը, ֆինանսական շուկայում հանդես գալով վարկային ռեսուրսների նկատմամբ ունեցած պահանջարկով, պետք է ոչ միայն առավելագույն ձևով մոբիլիզացնեն տնտեսության մեջ առկա խնայողությունները, այլ նաև ձևավորեն բավականին էֆեկտիվ խթաններ միջոցների խնայման համար ընթացիկ սպառման սահմանափակման հիման վրա: Հաճախ առևտրային բանկերը բացի իրենց հիմնական ֆունկցիաների կատարումից զբաղվւմ են խառը գործունեությամբ, օրինակª իրականացնում են լիզինգային և ֆակտորինգային գործարքներ:
գ) Ինվեստիցիոն բանկեր: Այս բանկերին հաճախ անվանում են նաև բանկիրային տներ: Մասնագիտացած են տնտեսության տարբեր ճյուղերի ֆինանսավորմամբ և երկարաժամկետ վարկավորմամբ, իրականացնում են նաև արժեթղթերի առքուվաճառք ինչպես ֆոնդային բորսաներում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Ինվեստիցիոն բանկերի միջոցները ձևավորվում են հիմնականում դրամական շուկայում սեփական բաժնետոմսերի և փոխառության տոմսերի տեղաբաշխման ուղիով: Ինվեստիցիոն բանկերի և կոմերցիոն բանկերի հիմնական տարբերությունն այն է, որ առաջիններս դեպոզիտներ չեն ընդունում, չեն կատարում հաշվարկային գործառնություններ և չեն տրամադրում կարճաժամկետ վարկեր: ԳՖՀ-ում, Ճապոնիայում, Իտալիայում և մի շարք այլ երկրներում ներկայումս գործում են պետական ինվեստիցիոն բանկեր, որոնց կապիտալները ձևավորվում են բյուջետային միջոցների հաշվին:
դ) Հիպոթեկային բանկեր: Այս բանկերի հիմնական ֆունկցիան քաղաքային և գյուղական բնակչության վարկավորումն է գրավ դրված անշարժ գույքի, առավելապես հողի դիմաց: Հիպոթեկային վարկը երկարաժամկետ վարկ է, որը գլխավորապես կիրառվում է գյուղատնտեսության մեջ, ինչպես նաև բնակարանային և այլ շինությունների ժամանակ: Հիպոթեկային պարտավորությունների ժամանակ, օրինակª գրավ դրված հողի ռենտան տոկոսի ձևով ստանում է այն բանկը, որը տնտեսապես համարվում է գրավ դրված հողի տերը:
ե) Խնայողական բանկեր: Սրանք ոչ մեծ, տեղական նշանակության վարկային կազմակերպություններ են, որոնք գտնվում են պետության հսկողության տակ, հաճախ էլ պատկանում են նրան: Այս բանկերի պասիվ գործարքներն ընդգրկում են բնկաչությունից ընթացիկ հաշիվներում ներդրումների ընդունումը, իսկ ակտիվը ներկայացված է լինում սպառողական և հիպոթեկային վարկերով, բանկային վարկերով, մասնավոր և պետական արժեթղթերի գնումով: Ինչ-որ առումով խնայողական բանկերը նմանվում են առևտրային բանկերին:
Ըստ սեփականության ձևիª բանկերը լինում են.
1. ոչ բաժնետիրական, որոնք գտնվում են անհատ սեփականատերերի համագործակիցների սեփականության ներքո,
2. բաժնետիրական, որոնց կապիտալը ձևավորվում է սեփական բաժնետոմսերի վաճառքի հետևանքով,
3. կոոպերատիվ,
4. մունիցիպալ և կոմունալ, որոնք գործում են տեղական իշխանության մարմինների ենթակայության ներքո,
5. պետական,
6. խառըª պետության մասնակցությամբ,
7. միջպետական, և այլն:
Ըստ գործունեության ոլորտներիª բանկերը լինում են.
ա) մասնագիտացված
բ) բազմապրոֆիլ
գ) ճյուղային ուղղվածություն ունեցող:
Ըստ կանոնադրական կապիտալի պատկանելության և ձևավորման կան.
ա. փայատիրական
բ. կոոպերատիվ
գ. բաժնետիրական
դ. օտարերկրյա
ե. համատեղ բանկեր: