3 ՄԵԹՈԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ

3 ՄԵԹՈԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Փիլիսոփայությունը պարզում է ոչ միայն աշխարհի հիմքի, էության ու ճանաչելիության հարցերը, այլեւ մարդկային ճանաչողության ուղիների, միջոցների հարցը, այսինքն՝ ինչպե՞ս է մարդը ճանաչում աշխարհը: Այս հարցը փիլիսոփայության մեջ դրվում է որպես ճանաչողության մեթոդի հարց (հունարեն մեթոդոս-ուղի բառից): Հին հունական փիլիսոփաները գտնում էին, որ ճշմարտությանը հասնելու համար մարդու ճանաչողությունը պետք է ճիշտ ուղիով, մեթոդով ընթանա: Հակառակ դեպքում նա կընկնի մոլորության մեջ: Եվ այդ ժամանակ էլ ձեւավորվեցին 2 հակադիր փիլիսոփայական համընդհանուր մեթոդները՝ դիալեկտիկան եւ մետաֆիզիկան: Սկզբում դիալեկտիկան եղել է բանավեճի արվեստ, որի շնորհիվ միայն մարդկային միտքը, զարգանալով ու ճշգրտվելով, կարող է հասնել ճշմարտության: Ըստ տվյալ տեսակետի, ճշմարտության կայծը կարող է առաջանալ միայն 2 հակադիր կարծիքների բախման միջոցով: Սա ճանաչողության կամ սուբյեկտիվ դիալեկտիկան է, որի մեծագույն ներկայացուցիչները Սոկրատեսն ու Պլատոնն են (մ. թ. ա. V դ.): Իսկ բնության կամ օբյեկտիվ դիալեկտիկան զարգացրել է Հերակլիտը, որն ասել է, որ ամեն ինչ աշխարհում շարժվում ու հոսում է, եւ դրա պատճառը հակադիր կողմերի պայքարն է:
Դիալեկտիկական մեթոդը դիտում է աշխարհի երեւույթները համընդհանուր կապի, շարժման ու զարգացման մեջ, որոնց ներքին պատճառը հակադիր կողմերի միասնությունն ու պայքարն է:



Մետաֆիզիկական մեթոդը (հունարեն մետա թա ֆիզիկա - ֆիզիկայից հետո բառերից), ընդհակառակն, ժխտում է աշխարհի երեւույթների համընդհանուր կապը, շարժումը, զարգացումը եւ ներքին հակասականությունը: Դիալեկտիկան իր զարգացման ընթացքում ունեցել է ոչ թե 4, ինչպես դա պնդում էր սովետական փիլիսոփայությունը, այլ 2 հիմնական ձեւ: Առաջինը անտիկ շրջանի, հատկապես հին հունական դիալեկտիկան է, որը եղել է տարերային, իսկ երկրորդը՝ գերմանական դասական փիլիսոփայության, հատկապես Հեգելի դիալեկտիկան (XIX դ.): Հեգելը ստեղծել է համապարփակ ուսմունք դիալեկտիկայի մասին, հայտնագործել է նրա հիմնական օրենքները, բայց նրա դիալեկտիկան իդեալիստական է, որովհետեւ դիալեկտիկորեն զարգացողը, ըստ նրա, համաշխարհային ոգին է եւ ոչ թե բնությունը, նյութական աշխարհը: Իսկ ռուս հեղափոխական դեմոկրատների, Գերցենի, Չեռնիշեւսկու եւ Դոբրոլյուբովի դիալեկտիկան չի կարելի համարել դիալեկտիկայի 3-րդ, ավելի բարձր ձեւ, ինչպես նաեւ մարքս-լենինյան դիալեկտիկան նրա 4-րդ՝ բարձրագույն ձեւ, առավել եւս գագաթնակետ: Դրանք երկուսն էլ հեգելյան դիալեկտիկայի տարբերակներն են: Օրինակ, Մարքսը վերցրել է Հեգելի դիալեկտիկայի սկզբունքներն ու օրենքները, բայց վերագրել է բնությանը, նյութական աշխարհին, այսինքն՝ դիալեկտիկային է տվել մատերիալիստական մեկնաբանություն: Ըստ մարքսիզմի, հեգելյան դիալեկտիկայի օրենքներով զարգացողը մատերիան, բնությունն է: Մետաֆիզիկանեւս իր զարգացման ընթացքում ունեցել է 2 հիմնական պատմական ձեւ: Առաջինը հին հունական, հատկապես էլեացիների մետաֆիզիկան է (Պարմենիդ, Զենոն, մ. թ. ա. V դ.): Պարմենիդը պնդում էր, որ կեցությունը, աշխարհը հավերժորեն անշարժ ու անփոփոխ են, իսկ Զենոնը փորձում էր ապացուցել, որ շարժումն ընդհանրապես անհնար է: Ըստ նրանց, բոլոր շարժումներն ու փոփոխությունները թվացող են: Երկրորդը XVII-XVIII դդ. մետաֆիզիկան է, որը սերտորեն կապված էր աշխարհի մեխանիկական ըմբռնման հետ, մեխանիցիզմի հետ: Այդ ժամանակ բնագիտությունը նոր էր սկսել զարգանալ եւ բնության հիմնական բնագավառների՝ ֆիզիկական, քիմիական, կենսաբանական եւ այլ երեւույթների միջեւ կապերը հայտնի չէին: Բացահայտված չէին նաեւ զարգացման գործընթացները: Դրա հետեւանքով մետաֆիզիկան նոր վերելք ապրեց, համաձայն որի բնության հիմնական բնագավառները փոխկապակցված չեն եւ զուրկ են զարգացումից: Երեւույթները լավագույն դեպքում մոլորակների պես մշտապես գծում են միեւնույն ուղեծրերը, այսինքն՝ շարժվում են շրջանաձեւ, մի խոսքով՝ պտտվում են: Մետաֆիզիկային ծանր հարված հասցրին XIX դ. կեսերի բնագիտական մեծ հայտնագործությունները, հատկապես էներգիայի պահպանման օրենքը, կենդանի բջջի եւ Դարվինի էվոլյուցիոն տեսությունը, որոնք բացահայտեցին անկենդան ու կենդանի բնության երեւույթների փոխադարձ կապը եւ զարգացումը: Դրա շնորհիվ դիալեկտիկայի դիրքերն ամրապնդվեցին, քանզի պարզվեց, որ բնության մեջ ամեն ինչ, ի վերջո, կատարվում է դիալեկտիկորեն: Դիալեկտիկայի մեթոդը փիլիսոփայության մեջ սերտորեն կապված է աշխարհի մեկնաբանման ու արժեւորման մեթոդների հետ, որոնց շնորհիվ իմաստավորվում է մարդու եւ աշխարհի փոխհարաբերությունը, այսինքն՝ աշխարհի, բնության դերն ու նշանակությունը մարդու համար, մարդու տեղն ու դերն աշխարհում, հետեւապես նրա վերաբերմունքը վերջինիս նկատմամբ: Մեկնաբանման մեթոդի միջոցով փիլիսոփայությունը որոշակի հիմքից (լինի դա նյութական, թե հոգեւոր) բխեցնում է մարդուն արդեն հայտնի՝ աշխարհի բոլոր երեւույթները եւ ստեղծում աշխարհի ամբողջական պատկերը: Ապա արժեւորման մեթոդի շնորհիվ այն արժեւորում է աշխարհը մարդու հետ իր հարաբերության մեջ եւ աշխարհի ամբողջական մեկնաբանական պատկերը միաձուլում է նրա արժեքային պատկերի հետ: Արդյունքում ստացվում է աշխարհի ու մարդու կապի իմաստավորում եւ մարդկային կյանքի համընդհանուր ուղենիշների ձեւակերպում ու առաջադրում:
Դրան պետք է ավելացնել, որ աշխարհի հիմքի որոնումների եւ այդ հիմքից ամեն ինչ բխեցնելու եւ աշխարհի ամբողջական պատկերը ստեղծելու գործում մեծ դեր են կատարում ինտուիցիայի, մտահայեցման եւ արտարկման մեթոդները: Փաստական նյութի անբավարարության պայմաններում ինտուիցիան օգնում է աշխարհի հիմքի ընտրություն կատարել, մտահայեցողությունը օգնում է մտքի, խելքի ուժով, այլ ոչ թե գիտափորձի ու դիտարկումների միջոցով, բխեցումներ կատարել, իսկ արտարկումը օգնում է ստացված եզրակացությունները տարածել աշխարհի բոլոր երեւույթների վրա:
Լինելով գիտություն համընդհանուրի մասին, փիլիսոփայությունը չի կիրառում բացատրության եւ կանխատեսման մեթոդները, որքանով որ դրանք կապված են մասնավոր գիտություններում կիրառվող կոնկրետ դիտարկումների ու գիտափորձերի մեթոդների հետ: Մարքսի սխալն այն էր, որ նա փորձեց իր փիլիսոփայության՝ դիալեկտիկական եւ պատմական մատերիալիզմի միջոցով կանխատեսել ողջ մարդկության ապագան՝ կոմունիզմը: Նա չհասկացավ, որ կանխատեսումները փիլիսոփայության գործը չեն, համաշխարհային կոմունիստական շարժում կազմակերպեց, որը մոտ հարյուր միլիոն զոհերի եւ մեկ միլիարդից ավելի մարդկանց դժբախտության պատճառ դարձավ, քիչ էր մնում արդի քաղաքակրթությունը կործաներ, բայց փոխարենը ինքը հանկարծակի փլուզվեց: